Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով հուլիսի 6-ին պաշտոնական այցով ՌԴ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 7-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: