Ապագա զինվորների դաստիարակման գործում դպրոցի դերի ու կարևորության մասին YerevanNews.am-ը խոսել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ: 

-Ո՞րն է դպրոցի դերը ապագա զինվորի դաստիարակման գործում:

-Դպրոցը էթնոսոցիալականացման ինստիտուտ է: Էթնոսոցիալականացման ինստիտուտ է նաև բանակը, ինչը նշանակում է, որ և՛ դպրոցը և՛ բանակն այն հաստատություններն են, որտեղ կայանում է հայ մարդը, որպես այդպիսին:

Լինելով սոցիալականացման ինստիտուտ` ի թիվս այլոց դպրոցին պատկանում է ևս մեկ կարևոր դեր` ապագա զինվորներին զինծառայությանը հոգեբանորեն նախապատրաստելը: Վերջինս երկարատև ու բարդ գործընթաց է: Դպրոցական տարիներին դեռահասի մոտ աստիճանաբար պետք է ձևավորվի զինվորական ծառայություն անցնելու անխուսափելիության, դրա կարևոր լինելու, ինչպես նաև զինծառայության անցնելուց հետո կարգապահությանը անվերապահորեն ենթարկվելու գիտակցությունը: Դպրոցը ապագա զինվորի մոտ պետք է ձևավորի մի քանի կարևոր գաղափարներ. Առաջին` հայրենիքը քոնն է, դու հայրենիքի մասնիկն ես, երկրորդ` հայրենիքը պաշտպանելու կարիք կա, ինչը նաև քո պարտքն է, և երկրորդ` բանակն ու զինծառայությունը կարևոր են անձամբ քեզ համար:

Այստեղ նշենք, որ զինծառայության սկզբնական շրջանում բոլորն էլ ստիպված են լինում որոշ դժվարություններ հաղթահարել, բայց նաև անհնար է հերքել այն, որ երտասարդը բանակից վերադառնում է հասունացած, ինքնուրույն դարձած և պատասխանատվություն ստանձնելու պատրաստ:

Այս համատեքստում դպրոցին վերապահված է ևս մեկ շատ կարևոր առաքելություն. կանխել փողոցային արատավոր բարքերի ազդեցությունը դպրոցականների ձևավորվող արժեքային համակարգի վրա: Հասկանալի է, որ ի սպառ բացառել այդպիսի ազդեցությունն անհնարին է, քանզի բակը, այդ նույն փողոցը դպրոցականների կյանքի անխուսափելի մասն են կազմում: Պարզապես դպրոցի ազդեցությունը ձևավորվող դպրոցականի անձի վրա պետք է լինի ավելի ուժգին, ավելի արդյունավետ: Դասավանդվող առարկաների պարապմունքները պետք է կառուցել այնպիսի համատեքստում, որտեղ միշտ լինի սեփական ազգի, բանակի նկատմամբ սերն ու հպարտությունը:

Դպրոցում արատավոր բարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոց է դպրոցականներին ուժեղ տղամարդու հանրօգուտ կերպարներ մատուցելը, քանզի դեռահասների մոտ ուժեղ տղամարդու կերպարը երբեմն զուգորդվում է փողացի կիսաքրեական կերպարների հետ: Պետք է հաշվի առնել, որ դպրոցական տարիքում պատանիների մոտ առկա է ‹‹ուժեղի›› հետ նույնանալու ձգտում: Ձևավորվող տղամարդու համար ուժը միշտ հրապուրիչ է, ավելին. պատանին կգտնի ինչ-որ ուժեղ մեկին, որի հետ կփորձի նույնանալ: Ի՞նչ ասել է նույնանալ. նույնացումը անձի կայացման հիմքում ընկած հոգեբանական մեխանիզմ է: Եթե պատկերավոր ասելու լինենք, ապա, նույնանալով ինչ-որ մեկին, անձը ‹‹հոգեբանորեն ձուլվում է›› նրա հետ, դառում նրա մասնիկը: Նույնացման միջոցով ձևավորվող անձը յուրացնում է իր շրջապատում ազդեցիկ անհատականությունների արժեքային համակարգը, դառնում այդ արժեքների կրողը: Վաղ մանուկթյան տարիներին երեխան նույնանում է իր սեռի ներկայացուցիչ ծնողի հետ: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես փոքրիկ տղան կրկնօրինակում է հոր բնորոշ ժեստերը, խոսքերը: Իսկ ահա դեռահասության ու պատանեկության շրջանում ծնողների առաջատար դիրքը աստիճանաբար զբաղեցնում են հասակակիցները, խմբերի ուժեղ անհատները: Ընդ որում այդ ուժեղ անհատների կամ առաջնորդների գաղափարները տիրապետող են դառնում իրենց շրջապատում: Եվ շատ կարևոր է, որպեսզի դպրոցում նույնպես պատանիներին ներկայացվեն այդպիսի ուժեղ անհատներ` ի դեմս մեր հերոսների: Նրանց կյանք ու գործունեությունը պետք է հրապուրիչ կերպով մատուցվի դպրոցականին, որպեսզի հենց նրանք դառնան նույնացման, կրկնօրինակման առարկա ապագա զինվորների համար:

Ինչ վերաբերում է փողոցային արատավոր բարքերին, ապա դրանք իրենց էությամբ հակահումանիստական են: Եթե դրանք տիրապետում են պատանիների շրջապատում, ապա կամ պետք է ապրես այդ բարքերով, այդ դեպքում դու յուրային ես, կամ` եթե փոքր-ինչ շեղվում ես, ապա տվյալ միջավայրում փորձում են վերածել ‹‹իզգոյի››, մեկուսացնել: Շրջապատի կողմից մերժված լինելը պատանիները շատ ցավոտ են տանում: Նման իրավիճակից ելքը շատերը գտնում են միջավայրը փոխելով` դասարանը, դպրոցը, նույնիսկ բնակության վայրը:

Ցավոք այդ բարքերը ներթափանցում են նաև բանակ: Պատշաճ վերահսկողությամբ` բանակում այդ բարքերը հնարավոր է չեզոքացնել: Բանակի հրամանատարական կազմի առջև նախարար Օհանյանի կողմից դրված խնդիրը` թույլ չտալ, որպեսզի այդ բարքերը հանգեցնեն մարդկային ողբերգության: Ուժերի գերագույն լարումով այդ խնդիրն այսօր զորքերում լուծվում է: Սակայն անգամ մեկ արտակարգ պատահարը, պայմանավորված այդ արատավոր բարքերով, ստվերում է արտակարգ պատահարների կանխարգելման, արատավոր փողոցային բարքերն արմատախիլ անելուն ուղղված ամենօրյա չերևացող աշխատանքը, որ տարվում է զորքերում: Այս երևույթի դեմ հարկավոր է հիմնավորապես պայքարել: Իսկ դա արդեն ոչ միայն բանակի, այլև դպրոցի գործն է:

Հ.Գ Պատահական չէ, որ այս տարի նախարար Օհանյանն ուղերձով դիմեց ոչ միայն բանակի անձնակազմին, այլև` ուսուցիչներին: Միայն ուսուցչի ու հրամանատարի ջանքերն համատեղելով է հնարավոր ստանալ հանրօգուտ արժեքային համակարգի կրող զինվոր:

Շարունակելի...

 

Հեղինակ Իզոլդա Սարգսյան