Հուլիսի 6-ի տեղական ժամանակով ժամը 11.13 րոպեին տեղի ունեցած 3 մագնիտուդով (բալը` էպիկենտրոնում 4) և հաջորդ օրը ժամը 3 անց 34 րոպեին 4.0 մագնիտուդով (բալը` 5) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել:
Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավել, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են: Հիշեցնենք, որ ոչ մեկը երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում անել չի կարող։
Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ “ՍՊԾ”-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»