ՀՀ բնապահպանության նախարարության՝ 30.06–04.07.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.98մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 2.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Արարատի տարածքային բաժնի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանման նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 25.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած անասունների անօրինական արածեցման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.06 մլն.դր. գումար: