Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում դատապարտել է ՀՀ ԱԱԾ-ի աշխատակցի կողմից ձեռնարկված քայլերը ուղղված կուսակցության անդամի, նրա ընտանիքի ու հարազատների դեմ: 

Այս ելույթի ընթացքում Ր. Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ իրենց վարչության անդամը այսօր հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ ՄԻՊ-ին ու դատախազությանը: Այս թեմայի շուրջ նա արեց ևս մեկ հայտարարություն, որում ասվում է, որ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը:

«Իշխանություններին կոչ եմ անում՝ ձեռքերդ հեռու ՀՀ քաղաքացուց և «Ժառանգության» անդամներից: Եթե հարց ունեք, կարող եք ինձ հարցնել, և ես հրապարակավ կպատասխանեմ: Մենք պաշտպանելու ենք մեր կուսակցության անդամներին թե' իրավական, թե' քաղաքական միջոցներով»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը: Նա գնահատել է ԱԱԾ-ի աշխատանքը, որպես փնթի ու սիրողական: