ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս շաբաթ հրապարակել է իր տարեկան զեկույցը, որով առանձին տեղ է հատկացրել վճռաբել դատարանին: «Հրապարակ» օրաթերթը այս առնչությամբ զրուցել է Վճռաբեկ դատարանի լրատվական ծառայության պատասխանատու Արսեն Բաբայանի հետ:
Ներկայացնում ենք զրույցն ամբողջությամբ:
- Մարդու իրավունքների պաշտպանի` արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ զեկույցում առանձին տեղ է հատկացվել դատարաններին, որում պաշտպանն արձանագրել է թերացումներ: Ի՞նչ թերացումների մասին է խոսքը:
- Նախ արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ զեկույցում դատական իշխանության գործունեության մասին, առավել ևս` իբր թերացումների արձանագրումն, արդեն զավեշտալի է: Հավանաբար Մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ՝ ՄԻՊ) շփոթության մեջ է գցել տվյալ նախարարության անվան մեջ «արդարադատության» բառի առկայությունը: ՄԻՊ-ն այն պաշտոնյան է, ով հատկապես լինելով իրավաբան, առնվազն պետք է տարբերակի իշխանության ճյուղերը, որոնց տարանջատումը նախատեսված է Սահմանադրությամբ: Հանրահայտ է, որ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության մաս է և որևէ կապ չունի դատական իշխանության հետ:
Ձեր նշած զեկույցում ՄԻՊ-ն արձանագրել է «թերացումների» երեք կետ: Երեքն էլ ամբողջությամբ զուրկ են հիմնավորումներից: Ներկայացված են վերացական դատողություններ, օրինակ նշվում է՝ «Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը»: Իրականում խիստ մտահոգիչը տվյալ դեպքում այն է, որ ՄԻՊ-ը, բացի այն, որ տեղյակ չէ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքից, նաև տեղյակ չէ Սահմանադրության 5-րդ հոդվածից, ըստ որի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն Պաշտպանը կարող է միայն որոշակի դեպքերում տեղեկություններ պահանջել դատարաններից և իրավասու է միայն դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն՝ դատական ակտի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ: Ավելին, նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն Պաշտպանը չպետք է քննարկի այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով: Ելնելով այն կանխավարկածից, որ Պաշտպանը պահպանում է նշված իրավանորմերը, ուստի նա չէր կարող օբյեկտիվորեն ներկայացնել ենթադրյալ անարդարությունների և ապօրինությունների դեպքեր այն պարզ պատճառով, որ դրանց ներկայացման համար առնվազն պետք է քննարկվեին կոնկրետ դեպքեր, ինչի իրավունքը Պաշտպանը չունի:
- Պաշտպանն իր զեկույցում արձանագրում է նաև Արդարադատության խորհրդին վերաբերվող բացթողումներ: Պաշտպանն ունի՞ արդյոք նման իրավասություն:
- Բնականաբար չունի, բայց մի կողմ թողնելով իրավասության հարցը, պետք է փաստենք, որ Արդարադատության խորհուրդն այն բացառիկ մարմինն է, որը գնահատական է տալիս դատավորի կողմից ակնհայտ և կոպիտ խախտման առկայությանը, որոնք կարող են առաջացնել կամ բացառել պատասխանատվությունը: Առավել քան ակնհայտ է, որ կարգապահական վարույթի հարուցման հանգամանքն ինքնին չի կարող նշանակել, որ խախտումն այնպիսին է, որի համար կարող է կիրառվել պատասխանատվություն: Դա պետք է ստուգվի Արդարադատության խորհրդի կողմից, որից հետո միայն կարող է կայացվել համապատասխան որոշում: Այս պարզ օրենսդրական կարգավորումը համարել թերացում, առնվազն տարօրինակ է:
- Պաշտպանը, ինչպես վերջին զեկույցում, այնպես էլ ողջ տարվա ընթացքում, քննադատության է ենթարկում հատկապես Վճռաբեկ դատարանը:
- Սա ևս մեկ առիթ է հիշեցնել ՄԻՊ-ին, որ հաճախ ուսումնասիրի Սահմանադրությունը՝ ներառյալ 2005 թվականին ընդունված փոփոխությունները: Հենց այս սահմանադական բարեփոխումների արդյունքում եվրոպական չափանիշներին համահունչ ստեղծվեց եռաստիճան դատական համակարգ, որը կառուցված է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա, այսինքն` յուրաքանչյուր ատյան ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Սահմանադրության 2005 թվականի բարեփոխումների, դրանից բխող օրենսդրական փոփոխությունների և Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների արդյունքում Վճռաբեկ դատարանի համար ստեղծվեց որակական նոր կարգավիճակ` Վճռաբեկ դատարանը հռչակվեց որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյան (բացի սահմանադրական արդարադատության հարցերից) և սահմանվեց Վճռաբեկ դատարանի հիմնական առաքելությունը՝ բուն արդարադատություն իրականացնելու պարտականությունից բացի, Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառությունը և միասնական դատական պրակտիկա:
Բացի այդ՝ Վճռաբեկ դատարանն իր գործունեությամբ պետք է նպաստի իրավունքի զարգացմանը: Հետևաբար, վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը լուծելիս Վճռաբեկ դատարանը պետք է առաջնորդվի վերոհիշյալ առաքելության իրականացման նպատակներով և որևէ պարտավորություն կամ անհրաժեշտություն չունի վարույթ ընդունելու այն բողոքները, որոնք չեն բխում Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունից: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերն իբր մանրամասն ուսումնասիրության չենթարկելու մասին ՄԻՊ-ի ենթադրություններին, ապա պետք է նկատենք, որ դրանք սոսկ երևակայության արդյունքում ծնված անհիմն և մտացածին կարծիքներ են:
Այսինքն, բացի այն, որ ՄԻՊ-ը տեղյակ չէ Սահմանադրությամբ նախատեսված իշխանությունների բաժանումից, անտեղյակ է նաև դատական իշխանության կառուցվածքից և Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՄԻՊ-ը միտումնավոր խեղաթյուրում է այն: Ինչ վերաբերվում է դատարանների դեմ ՄԻՊ գրասենյակում ստացված ենթադրյալ բողոքներին, ապա անհասկանալի է, թե այդ ինչ բողոքների մասին է խոսքը, քանի որ ՄԻՊ-ը, ինչպես միշտ, չի ներկայացնում կոնկրետ դեպքեր ու փաստեր, մյուս կողմից էլ` որքանով են այդ բողոքները հիմնավոր, կամ ի զորու է արդյոք ՄԻՊ-ը գնահատել նշված բողոքների հիմնավորվածությունը: Կրկին հիշենք, որ ՄԻՊ-ն ընդհանրապես իրավունք չունի դատական ակտերին գնահատականներ տալ, ավելին` Դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն ՄԻՊ-ը, ինչպես և մնացած բոլորը` պարտավոր են հարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ: ՄԻՊ-ին հարկ է հիշեցնել նաև, որ դատական գործերն ունեն կողմեր, և գաղտնիք չէ, որ պարտվող կողմը հիմնականում սուբյեկտիվ պատճառներով դժգոհ է լինում:
Ամփոփելով ասվածը, ՄԻՊ-ին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ դատական իշխանությանը վարկաբեկող անհիմն հայտարարություններ տարածելու գործելաոճից: Միաժամանակ տեղին է մեջբերել դեռևս այս տարվա փետրվարի 8-ին կայացած Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2012 թվականի գործւնեության հեշվետվություն-ձեռնարկ շնորհանդեսի ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ պարոն Մկրտումյանի հետևյալ խոսքերը. «մի քանի բառով կցանկանայի անդրադառնալ դատական իշխանության և, մասնավորապես, վճռաբեկ դատարանի նկատմամբ վերջին շրջանում տարբեր ամբիոններից և հեղինակների կողմից հնչած մերկապարանոց հայտարարություններին և անհեթեթ տոկոսներին։
Իհարկե, կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ անլուրջ և, շատ դեպքերում, բժշկական ախտորոշման տպավորություն ունեցող հայտարարություններին, օրինակ, «ցավը, խոցը, քաղցկեղը», շատ լավ հասկանալով, որ դրանց հեղինակները կայացման խնդիր ունեն և ընդամենը հիշեցնել 90-ական թվականների համար ասված երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հանճարեղ միտքը, որը, կարծում եմ, չի կորցրել իր ակտուալությունը նաև մեր ժամանակների համար։ «Մեր երկրի ամենամեծ չարիքը դա մարտնչող դիլետանտիզմն է և գործունեություն իրականացնելու իմիտացիան»:
Վճռաբեկ դատարանը պատասխանում է ՄԻՊ-ին


