«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կիլոմետրի հատվածում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների պատճառով երթևեկության դադարեցումը կուտակումներ կառաջացնի դրա փոխարեն կիրառվելիք այլընտրանքային ճանապարհին։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղի ունեցող գործընթացին այս պահին դեռ ժամանակավրեպ է գնահատականներ տալը, քանի որ նախ պետք է պարզել` աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունն անհետաձգելի՞ էր, եթե` այո, այս դեպքում երկրորդ կարծիք լինել չի կարող, պետք է սկսել աշխատանքները, որովհետև անվտանգությունը կարևորագույն խնդիր է, և անգամ եթե իր հերթին դա ծնելու է անգամ որոշակի անհարմարավետություն, բնականաբար, պետք է անվտանգությունն ավելի բարձր դասել, քան հարմարավետությունը:
Պիպոյանը, սակայն, նշեց, որ եթե հնարավորություն կար, անվտանգության հետ կապված ռիսկեր չկային, իհարկե, տեղին կլիներ աշխատանքները սկսել մի փոքր ավելի ուշ, որովհետև այն հիմնական ճանապարհ է և տարվա այս եղանակին դեպի Տավուշ տանող հիմնական ուղղությունն է:
«Անվտանգությունից բացի՝ ոչ մի այլ պատճառով արդարացված չէր լինի այս ճանապարհի երթևեկության դադարեցումը: Ամբողջ շինարարությունը ոչ ադեկվատ գնահատականի է արժանանում, որովհետև ամեն տարի ասֆալտապատում են նույն փողոցը, մեր քաղաքացու մեջ ասֆալտապատում գործընթացն արդեն դիտարկվում է որպես եկամուտների, ատկատների գոյացման աղբյուր, այդ իսկ պատճառով շինաշխատանքների նկատմամբ միանգամից դրական ռեակցիա գոյություն չունի, իսկ դրա պատճառները քիչ չեն»,- ասաց նա»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: