Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, վճռով պայմանագրային զինծառայող Սամվել Աբրահամյանը տուգանվել է 150.000 դրամի չափով:
Դատավճռի համաձայն՝ Սամվել Աբրահամյանը, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ Թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ալկոհոլի ազդեցության տակ Մարտունու «Շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում վիճաբանել է բուժմիավորման մանկական բաժանմունքի աշխատակիցների հետ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ նա 10-15 րոպե բղավել է հիվանդանոցի աշխատակիցների վրա և նրանցից պահանջել շուրջ երկու օր հիվանդանոցից դուրս գրված իր մանկահասակ երեխային, ինչպես նաև ձեռքերով հարվածել և կոտրել է բաժանմունքի միջանցքում դրված պահարանի ու շքամուտքի դռան ապակիները` խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը,-գրում է Փաստինֆոն:
Նշենք, որ մինչև դատաքննությունը սկսվելը Ս. Աբրահամյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով` ընդունելով առաջադրված մեղադրանքը:
Սամվել Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին մնացել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: