«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե իրենց աշխատանքի շնորհիվ վերջին 15 տարիների ընթացքում Երևանն անճանաչելիորեն փոխվել է, իսկ իրեն քննադատողնրը քաղաքական նպատակներից ելնելով են «նման բաներ ասում»։
«ՉԻ» – Նարեկ Սարգսյանը ճիշտ է ասում, Երևանն իսկապես անճանաչելիորեն փոխվել է։ Մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ, Մինսկը կամ Սմոլենսկը՝ 1941 թ., ամիսներ տևած ռմբակոծությունից հետո։ Չէ, Երևանի կենտրոնում, իհարկե, ռումբերի պայթյունների փոսեր չկան։ Փոխարենը նախկին շինությունների տեղում ինչ-որ անբնակ «կուբիկներ» են՝ դատարկ ու մութ ակնախոռոչներով։ Բայց դա Նարեկ Սարգսյանի մասնագիտական որակների հետ կապ չունի։ Հյուսիսային պողոտայի սալիկները, հասկանում եք, քաղաքական նպատակներից ելնելով են քանդվում, շենքերը քաղաքական դրդապատճառներով են «նստում», հուշարձանների պաշտպանությունն էլ ընդամենը ճղճիմ քաղաքական շահերը քողարկելու միջոց է։ Մի խոսքով՝ չեն սիրում Նարեկ Սարգսյանին, և վերջ։ Նա էլ, ի պատասխան, անճանաչելիորեն փոխում է Երևանի դեմքը, և դա անում է առանձնակի դաժանությամբ։ Կակոյ պրիվետ-տակոյ ատվետ»։