Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված <<Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի>> 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն`
1.համապատասխան ուսումնական տարածք,
2.որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ),
3.մշակված 90-110 ժամյա վերապատրաստման սեփական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
4.վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի` 2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1057 Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
5.վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
•պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
•սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
•տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
•հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
•տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
•2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:
6.Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2014թ. օգոստոսի 11-ը, ժամը 18.00-ը ներառյալ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և armedu.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
Հասցեն` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն-3, 6-րդ հարկ: