«Հրապարակ»-ը գրում է.
Երևացող ու աներևույթ բազում թերություններից բացի, մեր բարձրաստիճան պաշտոնյաները մի կարևոր որակ էլ ունեն, ինչը նրանց խանգարում է լիարժեք զգալ այն պատասխանատվությունը, որ դրված է նրանց ուսերին: Դա մանկամտությունն է:
Կարծես ինչ-որ պահի նրանց հասունացումը կանգ է առել, և նրանք մնացել են 17-18 տարեկանի սահմանագծում, երբ մարդն արդեն մանուկ չէ, բայց հասուն, իր պարտականությունները կատարող, իր պատասխանատվությունը գիտակցող այր էլ չէ: Երբ արդեն դադարել է կռիվ-կռիվ խաղալուց, բայց զենք տեսնելիս աչքերը փայլում են, ավտոմեքենա վարելիս հաճույքից ինչ-որ բացականչություններ է անում, չգիտի փող աշխատելու ձևը՝ փողը միայն ծախսում է, անտարբեր է ցրտի ու շոգի նկատմամբ, կարծում է, որ կյանքը երկարուձիգ վայելքների մի շարան է, ու շտապում է օգտվել դրանցից:
Միայն պատանեկան թերհասությունը կարող է ստիպել երկրի ղեկավարին երկրի համար ամենաբարդ ժամանակ հասնել հեռավոր Լատինական Ամերիկա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու:
Ի դեպ, ոմանք դեռ հավատում են, որ նա Չիլիից վերադառնալու է ուղիղ Հայաստան՝ առանց Բրազիլիայի ստադիոն այցելելու: Այս պատանեկան անլրջությունն է պատճառը, որ Սոչի մեկնած Հովիկ Աբրահամյանը ոչ թե պետական ծանր խնդիրների լուծման գործն է առաջ տանում, այլ ռուսաստանցի իր կոլեգայի հետ զվարճությունների է տրվում:
Այս մանկամտությունն է պատճառը, որ մեր ԱԺ պատգամավորները ոչ թե իրենց պարտականությունները կատարելու մասին են մտածում, այլ արտերկրում շրջագայելու:
Այս մանկամտության պատճառով են որոշ պաշտոնյաներ ողջ օրը «լռվում» Ֆեյսբուքում:
Մեծ հաշվով՝ իշխանության մանկամտության պատճառով է մեր երկիրը հայտնվել փակուղում և ոչ մի կերպ չի կարողանում բազում խնդիրների լուծման բանալին գտնել: