Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հուլիսի 17-ին սկսում է խախտումների համար վարորդների ստացած տուգանքների բողոքարկումը: Այսօր՝ հուլիսի 16-ին, այս մասին լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ՝ Վարդան Հակոբյանը:

«Մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին տուգանքների կտրոնները բերել մեր գրասենյակ, և մենք ամբողջը կբողոքարկենք»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ բողոքարկման համար արդեն իրավաբանների խումբ է ձևավորվել, իսկ բողոքները կընդունեն վաղը առավոտվանից իրենց գրասենյակում: Վարդան Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ մինչև այս, իրենք այլ հայցերով դիմել են դատարան, և իրենց բողոքները բավարարվել են:

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը տեղեկացրեց, որ վարորդներն իրենց կարող են դիմել 095 95 62 30 հեռախոսահամարով: Նա նաև նշեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարմիր գծանշանների առկայության սահմանադրականությունը ուսումնասիրելու խնդրանքով:

«Մենք համագործակցում ենք ՄԻՊ-ի հետ, դիմում ենք տվել իրենց, իրենք վերանայում են՝ արդյոք կարմիր գծերի գոյությունը չի հակասում Սահմանադրությանը: Հետո դա կներկայացնենք Սահմանադրական դատարան»: