Միջին արևելքի, Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի մոտ 80 համալսարաններում ուսուցանվում է արևմտահայերենը՝ որպես աշխարհի հնագույն մշակույթներից մեկը կրող լեզվաճյուղ: Տեղեկություններ կան, որ հատկապես օտար ուսանողներին է հետաքրքրում հայերենի այդ ճյուղը, իսկ Հայաստանում ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ էլ անկախությունից հետո պետական ուսումնական հաստատություններում արևմտահայերենն իբրև առանձին առարկա չի դասավանդվել:
Վերջերս, տարբեր միջավայրերում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում ներմուծվելու է արևմտահայերենը՝ իբրև հայոց լեզվի երկու հիմնական ճյուղերից մեկը:
Այս հարցի շուրջ՝ P.S. հաղորդման շրջանակներում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց.
«Արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրը նաև Հայաստանի Հանրապետության խնդիրն է, կարծում եմ, որովհետև արևմտահայերենը հայկական ժառանգության մի մասն է: Մենք մի շարք կազմակերպությունների հետ միասին Երևանի Պետական համալսարանում այս տարվանից ներդնում ենք արևմտահայերենով հայագիտական դասընթաց (մագիստրոսական):
Նման ծրագիր Հայաստանում առաջին անգամ է լինելու: Ինչ վերաբերում է դպրոցներում արևմտահայերենի դասավանդմանը, ապա մենք ունենք գաղափար, ծրագիր՝ հումանիտար հոսքերով որոշ ավագ դպրոցներում արևմտահայերենը, այո, ներմուծել՝ որպես առարկա: Այսինքն՝ խոսել արմտահայերենի ներմուծման մասին՝ իբրև պարտադիր առարկա, ճիշտ չէ, բայց մասնագիտացված, նախամասնագիտացված հանրակրթական ծրագրերի մեջ արևմտահայերենը կարող է, և մենք կարծում ենք՝ պետք է նաև դասավանդել»:


