ԱՄՆ-ում` «R.J. Reynolds Tobacco» ծխախոտի ընկերությունը, որը մեծությամբ երկրորդ տեղն է գրավում այդ շուկայում, 23 միլիարդ դոլար պետք է վճարի մահացած ծխողի այրուն: Այս մասին հաղորդել է «BBC News»-ը, որտեղ նշված է, որ հուլիսի 20-ին այդ որոշումը կայացրել է Ֆլորիդայի դատարանը:

Սինտիա Ռոբինսոնը՝ Մայքլ Ջոնսոնի այրին, ով 36 տարեկանում մահացել է թոքերի քաղցկեղից, դատական հայց է ներկայացրել ծխախոտ արտադրող ընկերության դեմ 2008թ.-ին:

Սինիտան պնդում էր, որ ամուսինն ավտոբուսի վարորդ էր, ավելի քան 20 տարվա ընթացքում օրական 20 տուփ ծխախոտ էր ծխում: «Նա չէր կարողանում թողնել վատ սովորությունը: Նա ծխել է նույնիսկ իր մահվան օրը, 1996թ.-ին»,- հայտարարել է հայցվորի փաստաբանը:

Դատական լսումները շարունակվել են մոտ 4 շաբաթ: Փաստաբանները պնդում էին, որ ծխախոտային ընկերությունը բավական քանակությամբ տեղեկություններ չի ներկայացրել ծխելու վնասակարության և կախվածության մասին: Սկզբում երդվյալ ատենակալները որոշել են, որ «R.J. Reynolds Tobacco»-ն պետք է վճարի այրուն, ինչպես նաև նրա որդուն համապատասխանաբար 7.3 և 9.6 մլն դոլար: Բայց լրացուցիչ 7 ժամ տևողությամբ լսումների արդյունքում վերջնական գումարը կազմել է 23.6 մլրդ դոլար:

Ընկերության փոխնախագահ Ջեֆրի Ռեբորնը խոստացել է բողոքարկել այդ «զարմանալի որոշումը»: