«168 ժամ» թերթը գրում է.

«Քաղաքագետների մեծ մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալազիական ինքնաթիռի կործանումը և որպես դրա հետևանք` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման նոր փուլն իր արտահայտությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում: Քաղաքագետների մեծ մասը չի սխալվում՝ այդ կանխատեսումներն իրականանում են օր օրի: Առնվազն` Հայաստանի մասով: Հայաստանում ու Հայաստանի շուրջ: Իրականանում են ամենակեղտոտ ու ամենաստոր մեթոդներով: Ռուսական մեթոդներով: Ռուսական մեթոդներով՝ նաև հայերի կատարմամբ: Նախօրեի երեկոյան, օրինակ, մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:

Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50 հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Տեղի ունեցածն, իհարկե, նողկալի և խստագույնս դատապարտելի երևույթ է:

Մյուս կողմից, սակայն, քաղաքական մեղսունակությունը պահանջում է առնվազն չբացառել, որ նման հանցագործությունները՝ նման լարված պայմաններում ու նման լարված տարածաշրջանում, չեն կատարվում պատահաբար ու, որ «վայելուչ հագուկապով այրերը», որպես կանոն, ուղղորդվում են շատ որոշակի տեղից, շատ որոշակի նպատակներով: Ընդհանրապես, ցանկացած հանցագործությունից հետո ծագող առաջին հարցն «ո՞ւմ է այն ձեռնտու» հարցադրումն է։

Իսկ Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները, ակնհայտ է՝ ձեռնտու են առաջին հերթին` Ռուսաստանին, որն իր բոլոր նպատակներին հասնելու համար միայն մեկ մեթոդի է տիրապետում՝ սառը հակամարտությունների «տաքացումը»: Ձեռնտու է ճիշտ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում ակտիվացած բախումները, որոնց հետևանքով ամեն շաբաթ հայ զինվորներ են սպանվում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: