«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը դեռևս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը «ջրել»: Նա այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին և Սերժ Սարգսյանին ու խնդրել փոխել քննիչ Զավեն Թադևոսյանին, քանի որ նա ի զորու չէ դիմակայել ճնշումներին: Նրան ստիպում են «ջրել» գործը:

«Ես հասկացա, որ ուզում են գործը ջրել: Իրենց խոսակցություններից, ամեն ինչից ես այդպիսի տպավորություն եմ ստացել: Իրենք դա են հասկացնում»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց տիկին Սմբուլը:

Տիկին Սմբուլը պնդում է, որ գիտի, թե որտեղ է Օսիպյանի եղբորորդին: Նրա խոսքով՝ Սեդրակ Օսիպյանը Ղարաբաղում է:
Տիկին Սմբուլին վրդովեցնում է այն փաստը, որ փորձ է արվում Սեդրակ Օսիպյանին հրեշտակի դեմքով ներկայացնել: Նրա խոսքով՝ միայն ինքը գիտի դանակահարության 3 դեպք, որում ներգրավված է Սեդրակը: «Մենակ 3 հոգու ես գիտեմ, որ Սեթոն դանակել է: Այս դեպքը երրորդ դեպքն էր: Նախկինում մի զոհված ազատամարտիկի երեխու ականջ էր կտրել։
Մի օր թող իր պատիժը ստանա: Մի անգամ եթե իր արածի համար պատժվեր, այս շարքը չէր շարունակվի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: