Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության այս ժամանակահատվածում, երբ ապատեղեկատվությունը կրում է մասսայական բնույթ, ծնողները պետք է չափազանց ուշադիր լինեն իրենց երեխաների սեռական դաստիարակության հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:
Մասնագետը մասնավորապես ասաց. «Երբ ազատ են ինֆորմացիոն հոսքերը, պետք է հաշվի առնել, թե ինչ տեղեկատվություն է ստանում դեռահասը»: Շարունակելով թեման Ս. Հակոբյանը հատուկ կարևորեց բավականաչափ թվով երիտասարդների մոտ ինֆորմացիոն պակասի խնդիրը, որը ամուսնական փուլում արդեն դառնում է լուրջ խնդիր: Ըստ նրա՝ դժվար է գտնել ճիշտ ուղղորդված տեղեկատվություն:
Հոգեբան Աննա Բադալյանը համամիտ է, որ երեխայի սեռական դաստիարակության հարցում մեծ տեղ ունեն ծնողները: Նա մասնավորապես ասաց. «Պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, սեռի կայացումը: Երեխան ձևավորվում է ոչ միայն ծնողների ուղղակի կամ անուղղակի դաստիարակությամբ, այլ նաև հասարակության հետ շփումով: Սեռական դաստիարակության հարցում շատ կարևոր է նաև ազգային մտածողությունը: Հաճախ որոշ բաներ ընդօրինակում ենք այլ ազգերից, հաշվի չառնելով, որ դա կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենա մեր մտածողության վրա»:


