Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս գիշերը կրկին սարսափներով լեցուն է եղել: Ադրբեջանական կողմից կրակոցներն այս անգամ կրել են առավել ուժգին բնույթ: Այսպիսի ուժգնությամբ կրակոցներից հետո, բարեբախտաբար չկան զոհեր և վիրավորներ:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Տավուշ մարզի Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը: Գյուղապետը նշեց, որ կրակոցները սկսել են ժամը 21:00-ից և տևել մոտ երկու ժամ:
«Կրակոցներն օրն օրվա վրա ավելանում են»,-ասաց Ա. Ավալյանը, և հավելեց, որ գյուղի բնակիչներին պատճառվում են մեծ նյութական վնասներ: Մասնավորապես վնասվում են մարդկանց տները, կտուրները, լուսամուտներն ու տան ներսի իրերը: Այս ամենի դիմաց գյուղի բնակիչները չեն ստանում ո՛չ աջակցություն, ո՛չ փոխհատուցում:
Գյուղապետը նաև նշեց. «Մեր կողմը իհարկե պատասխանել է կրակոցներին. եթե չպատասխաներ այդ ժամանակ չգիտես թե ինչ կլիներ»:
Հիշեցնենք նաև, որ կրակոցները արդեն իսկ դարձել են սովորական երևույթ Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Ներքին Կարմիր աղբյուր, Այգեպար և այլ գյուղերի բնակիչների համար: