Ժողովրդին պետք է մոբիլիզացնել, որպեսզի սեպտեմբերին ամբողջ ժողովուրդը դուրս գա հրապարակ: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա մասնավորապես ասել է.
«Կարող են մի քանի հրապարակում հավաքվել, սակայն միասնական Հայաստանի ժողով անցկացնեն: Դրանով ժողովրդի վերահսկողությունը, թելադրանքը, նպատակադրումը կհնչի բոլորի համար՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Բայց մասնավոր ժողովները, այն, ինչ-որ անում են կուսակցությունները, դրանք կարող են քանդել երկիրը, քաոսի առաջ կանգնեցնել: Բոլոր մասնավոր կոչերը Հայաստանի համար խայտառակություն են, մեծ ճգնաժամի դուռ են, ամբողջականը՝ փրկություն»:
Անդրադառնալով ԼՂ հարցին կոմիտեի անդամն ասաց. «Ո՛չ Իլհամ Ալիևը, ո՛չ Սերժ Սարգսյանն ի վիճակի չեն ինքնուրույն քայլ անել: Նրանք այնպիսի աքցանների մեջ են, որ անմիջապես կոչնչացվեն: Ժողովուրդները քայլ պետք է անեն»:
Աշոտ Մանուչարյան խոսեց նաև հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին՝ նշելով, որ նա հանդիսանում է ՀՀ և Ադրբեջանի համար երկխոսության կազմակերպելու հստակ լծակներից մեկը:
«Ես չեմ զարմանա, որ նա մարդկային ինչ-ինչ խախտումներ կատարած լինի, բայց չեմ կարծում, թե ավելի, քան ռուսական որևէ մի այլ մեծահարուստ»,- ասաց Ա. Մանուչարյանը: