ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ամենօրյա հսկողության ներքո ինտենսիվ կերպով շարունակվում են հուլիսի 16-ին մեկնարկած Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:
Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիաներով: Ճանապարհային հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք: Խառնվելով ցեմենտի հետ՝ հատուկ տեխնիկայի միջոցով այն վերամշակվում է, ստեղծվում է ավելի ամուր հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ:
Մեկ օրում ասֆալտապատվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհաշինական աշխատանքներում ներգրավված են «Ճանապարհ» ՍՊ ընկերության շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակիցներ:
Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 180 մլն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից: Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին. Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: