Հոսպիտալում մահացել է առաջնագծում վիրավորված ադրբջանցի զինծառայող  Գարազադե Անար Վիվադի օղլուն: Ըստ ադրբջանական վարկածի զինծառայողը մահացել է «հայկական հարձակման հետևանքով»: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը:

Հաղորդվում է նաև, որ զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով:

Սակայն ո՛չ ԱՊԱ գործակալությունը, ո՛չ Ադրբեջանի ՊՆ-ն չեն հայտնում, թե երբ և որտեղ է վիրավորվել զինծառայողը: ԱՊԱ-ն նաև հայտնում է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից զոհվածների թիվը հասնում է 13-ի:

Հիշեցնենք, համաձայն ՊԲ պաշտոնական տվյալների ադրբեջանական բանակը 2014 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կատարած դիվերսիաների արդյունքում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Ցավով նշում ենք, որ նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: