Օգոստոսի 9-ին Սոչիում սպասվող Ալիև Սարգյան հանդիպման ժամանակ ՀՀ իշխանությունները կամ ստիպված կլինեն զիջել ինչ-որ բան, կամ Հայաստանի նախագահը պատերազմի բոթով կվերադառնա հայրենիք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Հայաստանը պետք է բարձրաձայնի ադրբեջանական հիստերիայի մասին: Նա կարծում է, որ գոյություն չունի ադրբեջանական քաղաքականություն, գոյություն ունի ադրբեջանական հիստերիա: Հրամանատարը մասնավորապես ասաց. 

«Աշխարհն ամեն տեղ գործակալներ ունի, նրանք գիտեն՝ ինչ է կատարվում, ով նախահարձակ եղավ, ով չեղավ: Մենք լուռ ու մունջ կանգնել ենք: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունների այդ պահվածքը, որը շատ վտանգավոր է, տանում է նրան, որ մերոնք չեն ուզում պատերազմել: Եթե նրանք վախենում են, թող այս ասպարեզից դուրս գան: Այն ժամանակն է եկել, որ մենք պետք է բաժանենք մարդկանց՝ ըստ իրենց հնարավորությունների, որ մենք կարողանանք դիմակայել այս փորձությանը: Մենք պարտավոր ենք այս պատերազմում հաղթել»:

Մանվել Եղիազարյանը կարծում է, որ սահմանային միջադեպերն որոշակիորեն դաս են Ալիևի համար: