«Ժամանակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Ժամանակ»–ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններում Ադրբեջանի բանակի հետ միջադեպերը կապ ունեն Ուկրաինայի ներկա իրավիճակի ու Ռուսաստան–Արևմուտք գլոբալ հակամարտության հետ։
«Այո՛, վիճակը շատ լարված է. եթե համեմատենք նախկին ժամանակների հետ, այսպիսի լարվածություն չի եղել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ քիչ հավանական եմ համարում, որ սա վերածվի պատերազմի։ Սա պետք է դիտել ընդհանուր համաշխարհային լարվածության կոնտեքստում և կապել Ուկրաինայի իրավիճակի ու Ռուսաստան Արևմուտք գլոբալ հակամարտության հետ»– ասել է նա։
«Սա տեղական լարվածություն չէ։ Սահմանային լարվածությունը գալիս է գերտերությունների գլոբալ հակամարտությունից։ Օգտագործվում է տարածաշրջանում այս հակամարտությունը, որպեսզի Ռուսաստանը շեղվի իր հիմնական խնդրից Ուկրաինայում։ Ռուսաստանի շահերից չի բխում այսօր որևէ մի հակամարտություն իր սահմաններում։ Նույնը կարելի է ասել թե՛ Ուկրաինայի, թե Ղարաբաղի մասով»,– նշել է նա»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


