ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր  հրավիրված ասուլիսը սկսեց ցավակցական խոսքով. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին և հարազատներին: Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը»:

Հերթով հիշելով զոհվածների անունները՝ Զորիկ Գևորգյան, Արարատ Խանոյան, Ազատ Ասոյան, Գոռ Գրիգորյան, Սարգիս Մովսիսյան, Արամ Գրիգորյան, Խաչատուր Բադասյան ավելացրեց. «Զոհված հերոսների շնորհիվ է, որ հայկական կողմը ոչ մի նահանջ քայլ չունեցավ»: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական դիրքեր ներթափանցելու փորձերը: «Նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր Զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում նոր սերնդին» նշեց ՀՀ Պաշտպանության նախարարը: 

Հայտնի դարձավ, որ վերջին մի քանի քանի օրերի ընթացքում ՀՀ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի երկու տասնյակ դիվերսիաներ: Անվտանգությունն ապահովելու համար չբարձրաձայնեց այն բոլոր գործողությունների մասին, որոնք կիրառվում են սահմաններում: 

Վերջում ավելացրեց. «Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով, հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն իմ վրա է դրված, այդ զգացումն ինձ տվել են այն բոլոր շարքայիններն ու սպաները, ովքեր գիտակցում են իրենց առջև դրված խնդիրը: Եվ ոչ մի շքանշան, ոչ մի պատվավոր նշան չի կարող փոխարինել նրան, որը մեզ փոխանցում է մեր թիկունքին կանգնած մեր ժողովուրդը»: