«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստանից Վրաստան ավտոմեքենա գնելու մեկնողների մի հսկա խավ է գոյացել այս տարիներին: Անգամ բարձր մաքսատուրքերը չխանգարեցին, որ հայ վարորդները վրացական շուկաներից մեքենա գնեն և վարելով հասցնեն Հայաստան: Հայ ավտոներկրողների մեջ կան մարդիկ, որ գրեթե ամեն շաբաթ Վրաստան են մեկնում: Այստեղ ավտոմեքենաների մեծ ու ապազգային մի շուկա է գործում, որտեղ ոչ միայն վրացիներ, հայեր կան, այլև շատ ադրբեջանցիներ: Շուկայում բոլորը հավասար են, և առևտուրն էլ ազգություն չի ճանաչում. ուստի, մերոնք սերտորեն շփվում են ադրբեջանցիների հետ, որոնք, ինչպես հայերը, Վրաստանից մեքենաներ են գնում և իրենց երկրում վերավաճառում։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասում է, որ իրենք ադրբեջանցիների հետ շատ լավ հարաբերություններ ունեն, սեղան են նստում, հաց են կիսում միմյանց հետ, իրար տեսնելիս «բռատ ջան» են ասում ու ողջագուրվում։
«Մենք չենք ատում ադրբեջանցիներին, մենք ատում ենք նրանց իշխանություններին, վերնախավին, որն էդ մարդկանց սրտերը լցնում է ատելությամբ, նրանց դարձնելով մեզ թշնամի։ Բոլորս էլ Աստծո համար հավասար ենք, և իրենք մեղավոր չեն, որ զոհ են մի իշխանության, որտեղ բռնապետեր են, և մարդուն դարձնում են գազան»,-ասում է Հովհաննիսյանը։
Տիգրան Հովհաննիսյանը ժողովրդական դիվանագիտության դասական օրինակ է, նա մշակել է մի ծրագիր, որը կօգնի նմանատիպ շփումների միջոցով նաև քաղաքական և տնտեսական հարցեր լուծելուն»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: