Վետերանների բողոքի ձայնը
Հայրենական մեծ պատերազմի, թիկունքի ու աշխատանքի վետերանները, ՀՀ-ում բնակվող Լենինգրադի շրջափակման մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում ծնված գերիները, ինչպես նաև մեր հանրապետության քաղաքացիները խիստ մտահոգված ու անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի վրա ադրբեջանցիների կողմից լարվածության կտրուկ բարձրացման համար:
Ադրբեջանական զինված դիվերսիոն խմբավորումները, խախտելով 1994թ. մայիսյան հրադադարի բոլոր դրույթները, հետախուզական գործողություններով, դիպուկահարների կրակոցներով և առանձին սողոսկողների միջոցով անընդհատ լարվածություն են ստեղծում թե՛ Արցախի պաշտպանական շրջանի, թե՛ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծում:
ՀՄՊ-ի մեր վետերանները, մարտերով անցնելով Կովկասի նախալեռներից մինչև պարտված Բեռլին, համոզված են, որ իրենց թոռները՝ հաղթանակի իսկական հետնորդները, միշտ պատրաստ են հաղթանակով ավարտելու այն պատերազմը, որն ադրբեջանցիները կպարտադրեն մեզ: Մեզ համար թանկ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, մարդկային կյանքը, զինվորի կյանքը:
Մեր վետերանները խորապես սգում և ցավակցում են մեր երկրի սահմանների պաշտպանության համար զոհված մարտիկների ընտանիքներին ու հարազատներին:
Թող իմանա մեր հակառակորդը, որ այս սուրբ ու բիբլիական հողը ներծծված է մեր նախնիների արյամբ և այն ոչ ոքի տալու միտք չունենք:
ՀՀ վետերանների միավորման
խորհրդի նախագահ, գնդապետ Ս.ԵՍԱՅԱՆ


