Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտեսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, դիվերսիոն-հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաև շփման գծում և թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն: Այս մասին այսօր օգոստոսի 7-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, օգոստոսի 1-ից սկսած՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել: Բացի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներից, մշտական գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, հիմնականում Տավուշի մարզում: Հակառակորդի կողմից օգտագործվում են մեծ տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:
Նշված ժամանակահատվածում իրականացված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողությունները և փորձը թույլ են տալիս ասելու, որ այդ գործողությունները դժվար է որակել որպես զուտ դիվերսիոն բնույթի՝ իրենց ինտեսիվությամբ և ծավալներով, քանի որ շատ անգամ իրականացվել են նաև ցերեկային պայմաններում, մեծ խմբերով՝ բացահայտ կերպով ուղղված հայկական հենակետերի գրավմանը, ինչը նրանց հաղորդում է ակնհայտ հարձակողական մարտական գործողությունների բնույթ: Ինչպես գիտեք, այդ բոլոր փորձերը ձախողվել են:
Ցավոք սրտի, մենք ունեցել ենք կորուստներ. մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմից զոհվել են զինծառայողներ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, Գոռ Բաբկենի Գրիգորյանը, Արարատ Վաչիկի Խանոյանը, Սարգիս Արմենի Մովսիսյանը, Ազատ Արթուրի Ասոյանը, Խաչատուր Լևոնի Բադասյանը, Արամ Մկրտչի Գրիգորյանը: Նրանք հետմահու արժանացել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների:
Ես գտնում եմ, որ նշված զինծառայողների, ինչպես նաև զինված ուժերի հրամանատարական կազմի և դիվերսիոն-հետախուզական գործողությունները հետ մղած համազորային ստորաբաժանումների և նաև պատժիչ գործողություններ իրականացրած հատուկ նշանակության ստորաբաժանումների գործունեության արդյունք է, որ մենք կարողացանք արժանապատվորեն այդ մարտահրավերից դուրս գալ և բարձրացնելով զինծառայողների մարտական ոգին՝ Հայաստանի Հանրապետությունում նաև ստեղծել ընդհանուր միաբանության, միասնականության, համախմբման ոգի: