Օգոստոսի 3-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ չորրորդ ամենամյա հայկական փառատոնը` կազմակերպված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից` ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Փառատոնի բացմանը ելույթ ունեցան ՄԹ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը և Լոնդոնի Քենսինգթոն և Չելսիի թաղապետ Մեյգրիդ Քոնդոն–Սիմմոնդսը։
Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելեցին հայկական երաժշտություն ու պարեր, համտեսեցին հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև մասնակցեցին տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված բրիտանահայ համայնքային կազմակերպությունները այցելուներին տրամադրում էին տեղակատվություն իրենց աշխատանքի և նախատեսվող միջոցառումների, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։
Ռումինիայի հայ համայնքի հետ պայմանավորվածությամբ` փառատոնը ուղիղ հեռուստակամրջով կապվել էր Բուխարեստի հետ, որտեղ նույն օրը ևս անց էր կացվում հայկական փառատոն։
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: