«Независимая газета» թերթն անդրադարձել է Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը:
Ադրբեջանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ներկայացուցչության տնօրեն Շահին Ռզաևը «НГ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կողմերի միջև կարող է պատրաստվել «հերթական նոր համաձայնությունը»: Նա գտնում է, որ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ երկու երկրների առաջնորդների բանակցություններում պետք է առաջընթաց ակնկալել, և այդ առաջընթացին ընդառաջ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ուժեղացնել իր դիրքերը:
Նրա խոսքով՝ նախագահների քննարկմանը դրվելիք փաստաթուղթը գրեթե պատրաստ է: Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր կողմ փորձում է ավելի շահավետ դիրք գրավել, որպեսզի բանակցություններին «հնարավոր լինի որևէ մի բան հարաբերականորեն անցավ զոհաբերել»:
Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության երևանյան կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը «НГ»-ին հայտնել է, որ Ադրբեջանը շահագրգռված է լարվածության պահպանմամբ` միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված խնդրին արթուն պահելու համար:
Քաղաքագետը գտնում է, որ հրադադարի խախտման վերջին դեպքերը կարող են կապված լինել մի քանի գործոնների հետ: Այդ գործոններից են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ ժամանակակից հարձակողական զենքի վաճառքը, ԵՏՄ-ին և ՄՄ-ին անդամակցելու հետ կապված խնդիրները, որոնց հետևանքով ստեղծված իրավիճակից էլ օգտվում է Ադրբեջանը:
Քաղաքագետի կարծիքով` պետք է հաշվի առնել նաև Եվրասիական տնտեսական միության ընդլայնման հարցում Ռուսաստանի համար Ադրբեջանի կարևորության գործոնը: