Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ներկայիս իրավիճակի շուրջ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը զրուցել է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ:

«Զոհերի վերջին տագնապալի թիվը քաղաքական ահազանգ է: Սպառազինությունների անհամաչափ մրցավազքը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի այս հատվածում ստեղծված իրավիճակի վրա: Քաղաքականորեն հակաարդյունավետ է, որ երկիրը, որը պետք է միջնորդի դեր խաղա խնդրի լուծման գործում, զենքի ամենակարևոր մատակարարներից է»,- ասել է Գերմանիայի նախկին դեսպանը և նշել, որ չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ Մինսկի խմբի աջակցությամբ և մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Շմիդթն ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը բավականաչափ չի արգելել և դատապարտել Հարավային Կովկասի երկրներին զենքի մատակարարման շարունակական հոսքը՝ այդպիսով պատրվակ տալով քաղաքական ռեժիմներից մեկին ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել:

«Քաղաքականապես անհրաժեշտ է նաև, որ խնդրի լուծմանը մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը»,- նկատել է Գերմանիայի նախկին դեսպանը, քանի որ շահագրգիռ կողմերի համար փոխշահավետ զիջումների վրա հիմնված կարգավորումը Հարավային Կովկասի բարգավաճման նախադրյալն է: