Սոչիում ընթացող եռակողմ հանդիպման մեկնարկին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հռետորական հարցով դիմել է Իլհամ Ալիևին՝ ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահանջներից ո՞րն է կատարել Ադրբեջանը:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը մեկնարկել է նախագահների կարճ նախաբանով:
Այդ ժամանակ Իլհամ Աիլևը խոսել է ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին. «ՄԱԿ-ը չորս բանաձև է ընդունել, որոնք պահանջում են հայկական զորքերի անհապաղ դուրսբերում Ադրեջանի տարածքից: Ցավոք, քսան տարուց ավելի այդ բանաձևերը մնացել են թղթի վրա»:
Միաժամանակ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ խնդիրը խաղաղ լուծում կստանա. «Հուսով եմ, որ մոտ ապագայում բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով կգտնենք լուծումը, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև արդարացի կլինի»:
Ի պատասխան Հայաստանի նախագահը նախ հարցով դիմել է Ալիևին՝ արդյոք Ադրբեջանը կատարել է ՄԱԿ բանաձևերով նախատեսված պահանջները:
«Ադրբեջանական կողմը մշտապես հղում է կատարում ՄԱԿ-ի չորս բանաձևերին: Այսպիսի մի հռետորական հարց պարոն Ալիևին. իսկ այդ բանաձևերի կետերից ո՞ր մեկն է կատարել Ադրբեջանը»:
Այնուհետև Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը կատարել է պահանջները՝ կիրառելով իր ազդեցությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ 1990-ականներին հանգել են եզրակացության, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«Իսկ եթե մենք կրկին միմյանց մեղադրենք, կարծում եմ՝ երկար ժամանակ հակամարտությունը չի լուծվի»,- նշել է նա:
Միաժամանակ Սերժ Սարգսյանը ասել է, որ շնորհակալ է Իլհամ Ալիևին «այն բանի համար, որ նա տրամադրված է լուծել հարցը»:
«Խնդրի լուծումը բխում է Հայաստանի շահերից»,- ընդգծել է երկրի ղեկավարը: