«Խաղաղասեր մի եղիր և կունենաս խաղաղություն: Կոնֆլիկտը առաջացավ թուրքի ձգտումով, բնազդով »,- խոսքի մեջ նշեց Լևոն Շիրինյանը այսօր տված ասուլիսի ժամանակ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավ. Իշխանյանը իր խոսքում նշեց, որ. «Խաղաղություն բառը շատ հարաբերական է Ղարաբաղի հարցում: Ամեն դեպքում այս հանդիպումը որոշակի լարվածությունը թուլացրեց, բայց կարծում եմ, որ հանդիպման մեջ ամենաշատը շահեց Պուտինը: Արևմուտքի պատժամիջոցների և Ուկրաինայի մեջ «խրված» լինելով հանդերձ նա ցույց տվեց, որ գերտերություն է, ունակ է երկու երկրների նախագահներին հանդիպեցնել ու իր լարված իրավիճակում կարողացավ ինչ-որ չափով մեղմել հարցի լուծումը:

Այստեղ հարց է ծագում, արդյո՞ք սրումը դրա հետ կապելով Պուտինն ուզում էր իր հեղինակությունը բարձր պահել: Սա հռետորական հարց է իմ կողմից ու միանշանակ չեմ կարող դա պնդել: Ակներև է որ Հայաստանը նախահարձակ չէր լինի, Իսկ Ադրբեջանը նախ պետք է շատ վստահ լիներ իր ուժերի վրա, կամ ինչ-որ գերտերության դրդմամբ պիտի գնար այդ քայլին»:

Լևոն Շիրինյանը պատերազմ անվանեց այս գործողությունները. «Պատերազմը ապացուցեց մի բան, որ մի քանի առասպելներ ցրվեցին: Առաջինը՝ Ադրբեջանի բանակի հզորության մասին առասպելը, գոնե ժամանակավորապես հոդս ցնդեց, որը շատ կարևոր է: Երկրորդ՝ հայկական բանակի մասին արված քննադատությունները: Ապացուցվեց, որ հայկական բանակն ունի ռազմավարություն, իսկապես ռազմարվեստին տիրապետում է: Սակայն ապացուցվեց նաև, որ պետականության եղած վիճակին համարժեք չի հայկական բանակի կառուցվածքը, կազմակերպվածության աստիճանը: Պետությունը հետամնաց է, ասիական, իշխանությունը՝ պրոֆեսիոնալ չի, արտգործնախարարությունը ըստ էության կա-չկա, թող իրենք ապացուցեն դա»: