Երևանի «Միկայի» կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանի հարցազրույցը ArmFootball.com կայքին:

- Ռաֆայե'լ, ե՞րբ և որտե՞ղ ես սկսել ֆուտբոլային կարիերադ:

- Սովորում էի առաջին դասարանում, երբ մեր դպրոց եկավ Հակոբ Անդրեասյանը և ցանկացողներին առաջարկեց մարզվել Մալաթիա մարզադպրոցում: Հենց հաջորդ օրվանից սկսեցի հաճախել ֆուտբոլի: 8 տարի մարզվեցի այնտեղ: Դրանից հետո «Բանանց» ակումբը գնեց Մալաթիայի ֆուտբոլի դպրոցը, և մենք հանդես եկանք որպես «Բանանցի» ֆուտբոլիստներ: 3 տարի հանդես եկա «Բանանց 2»-ում, ապա տեղափոխվեցի «Միկա»:

- Ինչու՞ որոշեցիր տեղափոխվել:

- Այդ ժամանակ «Բանանցում» շատ լեգիոներներ կային և 2-րդ թիմից գրեթե ֆուտբոլիստներ չէին հրավիրում առաջին թիմ: Այդ պատճառով էլ որոշեցի հեռանալ:

- Վերադառնանք այսօրվա «Միկային»: Անցկացրիք ուսումնամարզական հավաքներ, ի՞նչ տվեցին «Միկային» այդ հավաքները: Ո՞ր հավաքը կառանձնացնես:

- Առաջին հավաքն անցկացրինք մեր մարզադպրոցում: Արհեստական խոտածածկի  վրա օրեկան 2 մարզում էինք անցկացնում: Այդ ժամանակ մարզիչներն ավելի ուշադիր էին ֆիզպատրաստությանը: Հաջորդ հավաքն անցկացրինք Կիպրոսում: Այնտեղ 14 օրում խաղացինք 4 խաղ: Դա մեզ օգնեց, որ անցած տարվա համեմատ էլ ավելի լավ հասկանալ միմյանց, որը շատ կարևոր էր մեզ համար:

- Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հավաքաներն ինչ-որ կերպ առանձնանում են:  Օրինակ Պելեն, հավաքների ժամանակ կիթառ էր նվագում և երգեր հորինում: Իսկ դու ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:

- Հանգստի ժամին թրիլլերներ , կամ պատմական ֆիլմեր եմ դիտում: Լսում եմ երաժշտություն և իմ սիրելիի հետ եմ զրուցում:

- Հավաքներից հետո կարողացա՞ք հասնել ձեր ցանկալի մարզավիճակին:

- Ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որ ամբողջ ակումբն այժմլավ մարզավիճակում է: Մնում է հասնել դրական արդյունքի:

- Առաջին հանդիպումն այս տարի անցկացրիք «Ուլիսի» դեմ գավաթային խաղում: Ոչ-ոքին ձեզ գոհացրե՞ց:

- Հաշվի առնելով խաղը` մենք առավելություն ունեինք և բնականաբար չգոհացրեց հաշիվը: Բայց գավաթային խաղերը բաղկացած են 2 մասին, և մենք ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար:

- Այս շրջանից առաջ «Միկայից» հեռացավ Նարեկ Բեգլարյանը, նրա բացակայությունը չազդե՞ց ձեր խաղի վրա:

- Նարեկը մեծ ուժ էր մեզ համար, քանի որ մրցաշրջանը երկար է, և հիմնական կազմի ֆուտբոլիստները պետք է որքան հնարավոր է շատ լինեն:

- Բայց նրա փոխարեն նոր ֆուտբոլիստներ ձեռք չբերեցիք, արդյո՞ք Սեմյոն Մուրադյանն ու Արեգ Ազատյանը կկարողանան միայնակ լուծել հարձակման գծի խնդիրը:

- Նրանք երկուսն էլ կարող են լուծել այդ խնդիրը:

- Դու նույնպես շատ հաճախ միանում ես հարձակման գծին: Մարզչի առաջադրա՞նքն է, թե՞ դու ինքդ ես ավելի շատ միտված հարձակման:

- Ես շատ եմ սիրում միշտ լինել առջևում, և մեր մարզիչներն էլ են այդպես ցանկանում: Մենք խաղում ենք հարձակման գծում 3 ֆուտբոլիստներով:

- Այսօր վերսկսվեց Հայաստանի առաջնությունը և խաղում էիք «Բանանցի» դեմ: Դու լավ գոլային հնարավորություն ունեիր, երբ չի ստացվում գոլ խփել, չես ընկճվու՞մ:

- Այսօր մենք շատ կարևոր հաղթանակ տարանք, քանի որ լավ սկզիբը միշտ էլ կարևոր: Հիմա արդեն այդքան էլ էական չէ, որ այդ դրվագում չգրավեցի դարպասը: Կարևորը հաղթեցինք: Իսկ խաղի ընթացքում շատ եմ ցավում, երբ այդպիսի պահ է լինում ու չեմ կարողանում գրավել դարպասը:

- Խաղից հետո ձեր մարզիչն ասաց. «Այնպիսի խաղ էր , որ արժե շամպայն խմեր»: Դու այդ կարծիքին ե՞ս:

-Իրոք շատ լավ խաղ էր և արժեր այսպիսի հանդիպումից հետո:

- Հաջորդ խաղին մնացել է 2 օր, կհասցնե՞ք վերականգնվել:

- 2 օրը քիչ է, բայց մեր մրցակիցնել է այսօր հանդիպում անցկացրել, մենք նույն վիճակում կմոտենանք խաղին:

- Ի՞նչպիսի խաղ կտեսնենք այդ օրը:

- Չեմ սիրում կանխատեսնումներ անել, բայց մենք շատ ենք ուզում անցնել հաջորդ փուլ:

- Այժմ ինչպիսի՞ մարզավիճակում ես գտնվում դու:

- Ես ինձ շատ լավ եմ զգում և վերջնամասի հանդիպումները ցույց կտան, թե ինչ մարզավիճակում եմ:

- «Միկան» հավակնում է չՉեմպիոնությանը և գավաթին: Ո՞ր տիտղոսն է ձեզ համար ավելի կարևոր:

- Իհարկե 2-ն էլ ինձ համար շատ կարևոր են: Գավաթակիր դարձել եմ «Միկայի» հետ 2011 թվականին, իսկ երկրի չեմպիոն` ոչ:

- Ի՞նչ է անելու «Միկան» այդ տիտղոսները նվաճելու համար:

- Պետք է հաղթել մնացած բոլոր խաղերում, այլ խնդիր չկա:

- Իսկ դա ձեզ կհաջո՞ղվի:

- Եթե մենք չհավատանք դրան ուրեմն իզուր ենք այսքան դժվար ճանապարհ եկել: Մենք մեծ ցանկություն ունենք և պետք է հասնենք դրան:

- Ի՞նչ կանես չեմպիոն հռչակվելուց հետո:

- Հիմա այդ մասին չեմ մտածում: Ճիշտ կլինի դառնալ չեմպիոն, նոր մտածել այդ մասին: