«Ճամբարը մեր տունն է, մենք ենք նրա տերը»… Այս կարգախոսով Լոռիի «Գուգարք» ճամբարում սկսվում է յուրաքանչյուր օր, որտեղ օգոստոսի 1-10-ն իրենց հանգիստն էին անցկացնում նաև ԱԻ նախարարության համակարգի ստորոբաժանումների և մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաները:
Ինչպես և նախատեսվում էր, ճամբարում պարբերաբար կազմակերվում էին ուսուցողական և ճանաչողական դասընթացներ, որոնց ակտիվ մասնակցություն ուներ նաև ԱԻ նախարարությունը:
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը օգոստոսի 8-ին ճամբարում հետաքրքիր հանդիպում ունեցավ ճամբարականների հետ, որին ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը:
Հանդիպման նպատակն էր պարզել աղետներին, մասնավորապես, երկրաշարժերին երեխաների իրազեկվածության, պատրաստվածության մակարդակը: Հանդիպումն անցավ չափազանց ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Երեխաները հյուրերի համար պատրաստել էին յուրօրինակ անակնկալ: Կարճ ժամանակահատվածում սովորած երգերով, պարերով և իրենց անկեղծ ու անմիջական բուռն շնորհակալությամբ՝ ուղղված ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանին և կազմակերպիչներին, երեխաները ողջունեցին ներկաներին: Ապա բաժանվեցին ջոկատների, և ՍՊԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը, «ՍՊՀսԾ» և «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ների մասնագետները ներկայացրեցին երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:
Ճամբարում ուսուցումն անցկացվեց խաղերի, հարց ու պատասխանի, դասախոսության և զրույցի միջոցով: Երեխաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացվող թեմային և աշխույժ քննարկում անցկացրեցին:
Ուսուցման ընթացքում պարզ դարձավ նաև, որ դեռ շատ անելիք կա` մարզերում ուսուցման գործընթացն իրականացնելու համար:
Հանդիպման ավարտին «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» մասնագետները աղետներից պաշտպանվելու թեմատիկ գրքեր նվիրեցին ճամբարի ղեկավարությանը, ովքեր խոստացան գրքերը նվիրել կազմակերպվող մրցույթների արդյունքում հաղթողներին: