Զբոսաշրջիկների թիվը Հայաստանում գնալով ավելանում է: Միայն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 495.967 զբոսաշրջիկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը և հավելելով, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 17,3 տոկոսով:
Հայաստան ավելի շատ գալիս են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, ինչպես նաև եվրոպական մի քանի երկրներից` Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից:
«Ընդհանուր զբոսաշրջիկների մասնաբաժնում 30 տոկոս է կազմում երիտասարդների այցելության ցուցանիշը: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում նաև անվտանգության ապահովումը, երիտասարդների համար ամենատարբեր առաջարկները` արկածայինից մինչև փառատոնային»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով` նախորդ տարվա հետազոտությունների համաձայն՝ այս գործընթացին զուգահեռ որոշակիորեն ավելացել է նաև ներգնա զբոսաշրջիկների թիվը՝ «միջին տեսակարար կշիռն աճել է 4 տոկոսով՝ հասնելով 44 տոկոսի: Ցուցանիշի վրա ազդել է նաև սոցիալական փաթեթը», իսկ արտագնա զբոսաշրջիկների ցուցանիշն աճել է 14,8 տոկոսով. ընդհանուր թվով 474.989 արտագնա զբոսաշրջիկ է եղել:
Մեխակ Ապրեսյանը համամիտ չէ այն տեսակետին, համաձայն որի՝ արտագնա հանգիստը ավելի մատչելի է: «ԼՂՀ-ում և Հայաստանում շատ մատչելի առաջարկներ կան, կան նաև այլ առաջարկներ՝ կապված են բազմազանության և ծառայությունների հետ»,- ասաց նա:
Էկոնոմիկայի նախարարության վարչության պետը թե՛ արտագնա, թե՛ ներգնա հանգստի փաթեթներ ձեռք բերելիս սպառողներին խորհուրդ տվեց չմոռանալ պայմանագիր կքնելու մասին, ինչը օրենքով է նախատեսված: «Պետք է զբոսաշրջային ընկերությանը գնահատել առաջարկված պայմանագրով, որտեղ նշված կլինեն թե՛ սնունդը, թե՛ գիշերակացը և թե՛ մնացած պայմանները»: Դա հնարավորություն կընձեռի խուսափելու հնարավոր բոլոր խաբեություններից:


