«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Վերջին օրերին Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման և հարևան երկրի ռազմատենչ հայտարարություններից կարծես թե գործնական քայլերի անցնելու ցանկության կապակցությամբ, մեր հանձնախումբը հայտնում է պատրաստակամություն մեկնելու թշնամու հետ շփման առաջին գիծ:
Չնայած, ՀՀ իշխանությունները իրենց վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին սխալ քաղաքականությամբ հասցրեցին Հայաստանը ու Արցախը սոցիալական այս ծանր վիճակին՝ փորձելով գցել օտար ուժերից կախվածության մեջ, եւ ստեղծելով քրեա-օլիգարխիկ ազգադավ համակարգ, որի միջոցով փորձում են կոտրել մեր ժողովրդի կամքը և ստիպել համակերպվել համատարած թալանի և անօրինականության- «բեսպռեդելի» հետ, կամ լքել Հայաստանը: Մենք չենք հանդուրժելու Հայաստանում նման իշխանությանը, բայց այս հանգամանքը չի կարող մեզ անգործության դրդել, երբ հարցը վերաբերում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Մեր հանձնախումբը կատարել է կամավորականների հավաքագրում, ովքեր պատրաստեն ամենաթեժ կետերում փոխարինել 18-20 տարեկան մեր զինվորներին,համարելով նրանցից յուրաքանչուրին մեր որդիներ, նրանց յուրաքանչուրի կյանքը թանկ է մեզ համար: Հայտարարությունը տարածելու պահին կամավորականների ցուցակը կազմում է 112 հոգի, որոնցից 98-ը Արցախյան Ազատամարտի մասնակիցներ են:
Կամավորականների ցուցակը մշտապես համալրվում է: ՊՆ-ն մշտապես հայտարարում է, որ բանակը ի վիճակի է լուծել իրեն առջև դրված խնդիրը և պաշտպանել սահմանները, որում մենք համոզված ենք և ողջունում ենք, այնուամենայնիվ տեղեկացնում ենք ՊՆ-ին և ՀՀ գլխավոր Զինկոմիսարիատին, առաջին իսկ պահանջի դեպքում ցուցակները կփոխանցվեն պատկան ծառայություններին ,հավաքագրվածների սահման մեկնելու համար: Հայտարարության բովանդակությանը ծանոթացել է Վոլոդյա Ավետիսյանը և տվել իր հավանությունը, ավելին, նա հայտարարել է, «եթե լինեի ազատության մեջ անպայման կգլխավորեի կամավորականների սույն ցուցակը»»:
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբ