Մի քանի հարյուր եզդիներ այսօր՝ օգոստոսի 14-ին, հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ և պահանջում են զենք-զինամթերք տրամադրել Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին ինքնապաշտպանության նպատակով:

«Մտնելու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, մեր պահանջներն ենք ներկայացրելու, որ դադարեցվի եզդիների ցեղասպանությունը, զենք-զինամթերքը անմիջապես չտրվի քրդական իշխանություններին, այլ բաժանվի եզդիներին, որովհետև մենք այսօր Իրաքի Շանգալ նահանգում ունենք 3000-ից ավելի մարտական ջոկատներ՝ Շեյխ Շամոյի, Շեյխ Շաշոյի և Քիր Ավդոյի գլխավորությամբ»,- գրասենյակի մոտ հայտարարեց Ամո Շարոյանը:

Րոպեներ ՄԱԿ-ի գրասենյակից դուրս եկավ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը՝ հայտարարելով, որ կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացվել, համաձայն որի՝  20 մլն դրամ հումանիտար օգնություն պետք է  տրամադրվի Իրաքում ապրող եզդիներին:

Իսկ այդ կապակցությամն եզդիներից մեկի հարցին, թե արդյոք ամոթ չէ ընդամենը 20 մլն դրամ օգնությունը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ հարցը ոչ թե գումարի չափի մեջ է, այլ այն տեղ հասցնելու:

«Ինչպես թուրքերն էին ասում, որ մի հայ են թողնելու, այն էլ թանգարանում, այնպես էլ հիմա մեր հայրենիքում՝ Շանգալում, իսլամիստներն են ոչնչացնում մեր հայրենակիցներին»,- ասաց նրանցից մեկը՝ նկատելով, որ այդ տարածքում պետք է խաղաղապահ զորքեր տեղակայել:

Այս պահի դրությամբ եզդիները հավաքվել են կառավարության շենքի մոտ և պահանջում են, որ վարչապետն իջնի և հանդիպի իրենց հետ: