«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը պնդում է, որ հայ գերի Կարեն Պետրոսյանի դիակը հանձնելու գործընթացն անընդհատ ձգձգվում է ադրբեջանական կողմի մեղքով, որովհետև վերջիններս նորմալ չեն մասնակցում բանակցություններին, իսկ բանակցությունները հաջողություն են ունենում, եթե երկու կողմերն էլ շահագրգռված են հարցի լուծմամբ: Ադրբեջանն այս հարցում կառուցողական մոտեցում չի ցուցաբերում։ Ըստ նրա՝ Կարեն Պետրոսյանին, իրականում, խոշտանգելով են սպանել, քանի որ նա առողջ է եղել, երբ սահմանը հատել է, բարբարոսական գործողությունների արդյունքում նա չի դիմացել ու մահացել է։ «Եվ ես կարծում եմ, որ աճյունի հանձնումը հետաձգում են հենց այդ բարբարոսության պատճառով, ադրբեջանցիները միշտ այդպես են եղել, նրանց թվացել է, թե իրենք խորամանկ են, ավելի խելոք են, ու, բնականաբար, Ադրբեջանը կձգի այնքան, մինչև խոշտանգումների հետքերը կվերանան»,-ասաց Զ. Հակոբյանն ու ավելացրեց, որ իրենց հանձնաժողովն այս պահին էլ և միշտ էլ ակտիվորեն է աշխատել յուրաքանչյուր գերու տուն վերադարձնելու համար։
Ինչ վերաբերում է Կարմիր խաչին, ապա տիկին Հակոբյանն իր անկեղծ դժգոհությունը հայտնեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից, որովհետև նա Կարմիր խաչի ղեկավարության կողմից պասիվություն է նկատում այս հարցում։
«Մենք շուտով, կարծում եմ, Եվրադատարան կդիմենք այս հարցով, որովհետև, ինչքան փորձում ենք չքննադատել, չցածրացնել հարևան պետությանը, բայց նրանք ստիպում են, որ այդ քայլին դիմենք։ Մեզ մարդկային նորմերն են ստիպում, որ մենք ուզում ենք ավելի խաղաղ ճանապարհով լուծել հարցը, չենք ուզում քննադատել, չենք ուզում դատապարտել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ մենք Ադրբեջանի հետ հարևաններ ենք, մեր պապերը միշտ լավ են եղել իրար հետ, ուղղակի իրենք երախտամոռ են և մարդկային արժանիքներից ու մարդասիրական բոլոր նորմերից հեռու»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: