«Մեր տղաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պատրաստակամ և պատրաստված են ցանկացած ադրբեջանական անակնկալին համարժեք հակահարված տալու համար» օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը:
Ասպրամ Կրպեյանը նշեց նաև իր խոսքի մեջ.«Տղաները, որոնք իրենց առաջ ունեն իմ հոր և նրա ընկերների օրինակը չէին կարող հայրենասեր չլինել: Հայրենասիրությունը չես կարող պարտադրել որևէ մեկին, դա պիտի մարդու ներսից լինի»:
«Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի և այլ հերոսների դաստիարակությունն ունեն մեր տղաները: Նրանք իրենց զոհաբերությամբ ապացուցեցին, որ հայրենիքը և խաղաղությունը այն արժեքներն են, որոնք որ պահանջում են ամենամեծ զոհողությունը»:
Հպարտությամբ Ասպրամը նշեց, որ իր երջանկությունը զոհել է հանուն հայրենիքի ու խաղաղության. «Ես ուզում եմ նշել, որ իմ պես երեխաները, և իմ ծնողների պես ծնողները իրենց երջանկությունը զոհեցին հանուն խաղաղության և հանուն հայրենիքի: Խաղաղությունը միայն խոսքերով չէ, և այսպիսի ծեծված մի խոսք կա «Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստ եղիր պատերազմի»:
Թաթուլ Կրպեյանի դուստրը եզրակացրեց, որ նախկինում տեղի ունեցած պատերազմը հայ ժողովրդի դեմ պարտադրված է եղել.«Պարտադրված պատերազմ էր առաջ, որը մենք պատվով հաղթեցինք, պարտադրված, որովհետև մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, և ստիպված եղանք ներգրավվել այդ պատերազմին»:
Վերջում Ասպրամ Կրպեյանը իր ջերմ մաղթանքը ուղղեց հայ զինվորին:


