Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ցավակցական հաղորդագրություն է տարածել:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ և այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին»,- հղում է կատարել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Պետքարտուղարությունը նաև Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել իրականացնել միջադեպի խորը և թափանցիկ հետաքննություն, հանրությանը ներկայացնել արդյունքները: Պետքարտուղարությունը կողմերին կոչ է արել հարգելու միջազգային հումանիտար օրենսդրությունը և Կարմիր Խաչին հնարավորություն տալ տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Չինարի գյուղի բնակիչ, 32 ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ հաջորդ օրը տարածել, իբր «սուր սրտանոթային անբավարարությունից» հանկարծամահ է եղել հայ երիտասարդը: Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության փաստի առթիվ:


