«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» բոլոր կամավորականների անունից ջերմորեն շնորհավորում եմ Տավուշի մարզի հարավային սահմանները պաշտպանող զորամասի ողջ անձնակազմին` զորամասի տարեկան տոն օրվա և կազմավորման 14-րդ տարեդարձի առթիվ:

Սիրելի' զինվորներ և սպաներ, վերջին օրերին, երբ հակառակորդը դիմեց մեր ընկերների արյունով նվաճված մայիսյան հաղթական զինադադարից ի վեր նախադեպը չունեցող զինված ոտնձգությունների, ձեր պաշտպանած անտառապատ լեռներում մենք դարձանք զենքի ընկերներ ու միասին դիմադարձեցինք հայ ժողովրդի չարակամների նենգ մտադրություններին:

Մենք ամուր կանգնած ենք ձեր թիկունքին, Տավուշում մեր միության շտաբն այսօր էլ շուրջօրյա հերթապահություն է իրականացնում, ու եթե հակառակորդը չյուրացնի անցած օրերի դասերը, չհասկանա հայոց հողը պաշտպանած սերունդների` հայ կամավորականի ու հայ զինվորի միասնականությունը, ղարաբաղյան պատերազմի վետերանները վերստին խրամատներում ձեր կողքին կլինեն:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղ ծառայություն, յուրաքանչյուր ոտնձգության իսկույն արժանի հակահարված տալու հաստատակամություն, առողջություն ու երջանկություն:
Բարին ընդ ձեզ:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության»
նախագահ Յուրի Միքայելյան

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am Երևան Նյուզ լրատվական կայք