Երիտասարդների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրում ներառված բացօթյա դիսկոտեկ էր Ազատության հրապարակում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից ողջունել է երիտասարդներին ու շնորհավորել տոնի առթիվ։

Երիտասարդության միջազգային օրվա մեծ դիսկոտեկը քաղաքապետարանը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
«Դեռևս երկու շաբաթ էլ՝ մինչ օգոստոսի 31-ը, «Երևանյան ամառ» ծրագրի տասնյակից ավելի միջոցառումների, այդ թվում նաև մեկ փառատոնի կմասնակցեն երևանցիներն ու մեր մայրաքաղաքի հյուրերը։ Միջոցառումները թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ վարչական շրջանների հրապարակներում կլինեն։ Հատկապես օգոստոսին մեծ է սփյուռքահայերի հոսքը հայրենիք և, ինչպես այսօր այս դիսկոտեկում ենք տեսնում, ևս մի քանի միջոցառումներում մենք կմեկտեղենք երևանցիներին, տարբեր մարզերի, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդներին և այդ միջոցառումները, այդպիսով, կծառայեցնենք նաև նրանց շփմանը, ընկերանալուն, համախմբմանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի հանրահայտ դիջեյների լավագույն մշակում-ստեղծագործություններից էր կազմված երեք ժամանոց դիսկոտեկի ծրագիրը։ Դիսկոտեկը, մասնակիցների խոսքով, «Երևանյան ամառ»-ի ամենաթեժ միջոցառումներից էր։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: