Հայաստանն ու Վրաստանը հնարավորություն կստանան նոր իրավիճակն ի շահ իրենց օգտագործելու և առանց այն էլ լավ երկկողմ հարաբերությունները խորացնելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:

«Նոր իշխանությունները հասկացան, թե ինչ կախվածություն ունեն Ադրբեջանի էներգետիկ մենաշնորհից և իհարկե փորձեցին հավասարակշռված քաղաքականություն վարել: Այս տեսանկյունից շահող դուրս եկավ մեր երկիրը»,- նշել է Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով՝ Վրաստանի նոր իշխանությունների գալով հայ-վրացական հարաբերությունների համար բարենպաստ միջավայր է ձևավորվել:

«Այնուամենայնիվ, հարաբերությունների ներկա բարձր մակարդակը և կառուցողական երկխոսությունը կնպաստեն առկա խնդիրների լուծմանը: Այդ խնդիրները հիմնականում կարող են տնտեսական հարցերի շուրջ լինել: Սակայն կա այդ խոչընդոտները հաղթահարելու փոխադարձ պատրաստակամություն, և դա արդեն հուսադրող է», - նշեց փարձագետը:

Փորձագետը նաև նկատեց, որ երկկողմ հարաբերություններում կան նաև խնդիրներ Վրաստանի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման և ԵՏՄ-ին Հայաստանի պոտենցիալ անդամակցության համատեքստում:

Էրոյանցն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման ժամանակ վրացական լրատվամիջոցները առավելապես մեջբերում էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:

«Վրացական լրատվամիջոցները, ելնելով սեփական շահերից, լուծեցին լսարանի ապահովման եւ սեփական վարկանիշի բարձրացման հարցերը», - նշեց Էրոյանցը՝ հավելելով, որ ավելի ուշ նրանք նաեւ սկսեցին վկայակոչել նաեւ հայկական լրատվամիջոցներին: Փորձագետն այս խնդրով կարևորեց նաև այլ լեզուներով հայկական լրատվամիջոցների տեղեկությունները տարածելու անհրաժեշտությունը:

Իսկ ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական հարաբերություններին, Ալիկ Էրոյանցը նշեց,  որ դրանցում այլևս նախկին ջերմությունը չի նկատվում:

«Վերջին երկու տարվա ընթացքում վրաց-ադրբեջանական հարաբերություններին բացասական նրբերանգներ են հաղորդվել», -հավելեց վրացագետը: