«Մեր հոգեւոր սրբավայրում ստեղծվել է Եզդիների փրկության կոմիտե, որը ղեկավարում է մեր հոգեւոր առաջնորդի որդի Հազի Բեկը, դրա կազմում կան նաեւ Հայաստանից բարերար Միրզա Խանոյանը, Ռուսաստանից եւ ամբողջ աշխարհից ընդամենը 13 մարդ»,- այս մասին ասաց եզդիների ազգային միավորում խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Իրաքյան Լալշա Մուրանի սրբատեղիում 15 օր առաջ ստեղծվել է Եզդիների փրկության կոմիտե, որը զբաղվում է ցեղասպանությունից տուժած եզդիների հավաքագրմամբ, ինչպես նաև արձանագրում է կորած եզդիների անունները: Ըստ Ամո Շարոյանի իրենց տվյալով այս պահին Իրաքի Շանգալ մարզում զոհված եւ անհայտ կորած եզդիների ընդհանուր թիվը հասնում է մոտ 10 հազարի։

Ամո Շարոյանը նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց ԼՂՀ կառավարությանը, որը հայտարարել էր, որ պատրաստ է ապաստան տրամադրել եզդի փախստականներին։

«Երեկ ԼՂՀ արտաքին գործերի մամուլի խոսնակը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել եզդի ժողովրդի փախստականներին եւ ես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը, քանի որ իրավունքի այդ սուբյեկտը, չնայած իր խնդիրներին, պատրաստ է օգնել եզդի ժողովրդին»,- ասաց նա։

 

Փրկության կոմիտեի գլխավոր խնդիրը, ըստ «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի փոխնախագահ Գյուրջիս Քոչոյանի մեկնաբանման, եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող ցեղասպանությանը աշխարհի  ուշադրությունը հրավիրելն է. «Նաեւ սարերում գտնվող մեր եզդի եղբայրներին կփորձենք համոզել, քաջալերել, որ այս ամենից հետո նրանք վերադառնան իրենց պապական հայրենիք», - հավելեց Գյուրջիս Քոչոյանը:

Նորաստեղծ կոմիտեում աշխատող փորձառու իրավաբանների օգնությամբ եզդիները ապագայում պատրաստվում են դիմել Հաագայի քրեական դատարան՝ կատարվածը ցեղասպանություն որակելու եւ մեղավորներին պատժելու համար։