Նախորդ ամսվա վերջին շփման գծում ադրբեջանական կողմից սպառազինության կուտակումները ոչ այլ ինչ էին, քան ռազմական գործողություններ հրահելու և հայկական կողմին զորահավաքի դրդելու փորձ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: 

«Այսպիսով Ադրբեջանը փորձում էր մեզ շանտաժի ենթարկել՝ փորձելով վիրտուալ վախ տարածել: Ադրբեջանական կողմը փորձեց հոգեբանորեն ազդել մեր զինվորների ու բնակչության վրա, սակայն դա նրանց չհաջողվեց: Եթե մենք զորահավաք հայտարարենք, մեր տնտեսությունը մեկ տարով հետ կընկնի: Սակայն հենց մեր ստորաբաժանումները դուրս եկան շփման գիծ, ադրբեջանական կողմը սպառազինությունը հեռացրեց շփման գծից»,- ասում է ՊԲ հրամանատարը: 

Մովսես Հակոբյանը հայտնում է նաև, որ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով հակառակորդի կորուստները կազմել են 36 մարդ, հայկական կողմը կորցրել է 6 զինծառայող՝ երեք սպա և 3 զինվոր: