Այս տարի Հայաստանում արձանագրվել է սննդային թունավորման բոտուլիզմի 4 դեպք 6 տուժածով, իսկ մահվան դեպք դեռ չի արձանագրվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական տեսչության հիգիենիկ բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը

«Այս տարի ունենք սնկից թունավորումների 20 դեպք 29 տուժածով, իսկ անցած տարի ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք 16 դեպք քսանչորս տուժածով: Սնկերից թունավորումների դեպքերն այս տարի աճել են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սնկից թունավորումներ ավելի շատ արձանագրվում են Լոռու մարզում:

Բանախոսը նկատեց նաև, որ  սննդային այլ թունավորումներ այս տարի դեռ չեն արձանագրվել: «Անցած տարի դեպքեր ենք ունեցել, երբ թունավորվել են տնային պայմաններում պատրաստված խմորեղենից: Թունավորման դեպքեր ենք ունեցել նաև փողոցային առևտրից»,- ասաց նա՝ խորհուրդ տալով սննդի կրպակներից չօգտվել, քանի որ հիգիենիկ պայմաններ չկան, խստորեն պահպանել սննդի պատրաստման հիգիենայի կանոնները, ջերմային ռեժիմը պահպանել, միս պարունակող կերակրատեսակները պահել սառնարանում, փակ տարաների մեջ, շատ լավ լվանալ միրգն ու բանջարեղենը, հակառակ դեպքում մանրէները կբազմանան: