«Առավոտ» թերթը գրում է.
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության նիստում որոշեց շուրջ 33 միլիոն դրամ հատկացնել և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերել «Տոյոտա Լենդ Քրաուզեր» շքեղ ավտոմեքենա, ընդ որում՝ պահուստային ֆոնդից: «Առավոտը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց՝ այս նեղ պայմաններում ինչքանո՞վ էր տեղին նման թանկարժեք մեքենա ձեռք բերելը, կառավարության այդ որոշման հետ կապված բավականին մեծ աղմուկ բարձրացավ: Նա պատասխանեց. «Ես այդ խնդրին ծանոթ չեմ, բայց ամառվա այս կիզիչ արևին չեմ պատկերացնում, որ որևէ հարց ընդհանրապես կարող է մեծ աղմուկ բարձրացնել Հայաստանում, որովհետև մեռած է քաղաքական կյանքը:
Ինչ վերաբերում է այդ հարցին, գոյություն ունեն ազգային անվտանգության խնդիրներ, որոնց մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում պետության առաջին դեմքերի անվտանգության ապահովման հարցը՝ հատկապես այս պարագայում, երբ մենք տեսնում ենք՝ ադրբեջանական կողմն ինչ սադրիչ դիվերսիոն գործողություններ է անում: Այնպես որ, այդ հարցին պետք է այդ տեսանկյունից մոտենալ: Եթե այդ տեսանկյունից մոտենաք, կարծում եմ, ո՛չ հարց կառաջանա, ո՛չ էլ աղմուկ կբարձրանա»: Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ առաջիկայում պետբյուջեի հաշվին դարձյալ ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ են գնվելու, քանի որ «երբ արտերկրից հյուրեր են գալիս, և մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում»: Արտաշես Գեղամյանի խոսքերով՝ «Համաձայն եմ Գալուստ Սահակյանի հետ: Բայց նա, իր բնավորության համաձայն, համեստություն է արել, չի ուզեցել կարևորել այն բարձր պաշտոնը, որը նա զբաղեցնում է և որն առանցքային նշանակություն ունի ազգային անվտանգության տեսակետից»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: