Վերին Լարսի ժամանակավոր փակումը չպետք է գների աճի հերթական հարմար առիթը հանդիսանա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստանի սպառողների միություն» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

«Վերին Լարսը Ռուսաստանից Հայաստան ապրանքների փոխադրման միակ ուղին է: Իհարկե, կան նաև ծովային փոխադրումներ Սև ծովով, սակայն պատրաստի սննդամթերքը Հայաստան այնքան մեծ ծավալով չեն բերում, որ դրանցով մի ամբողջ նավ բեռնվեր: Դրանք, որպես կանոն, բեռնատարներով են բերում: Այդ պատճառով, իհարկե, որոշ ապրանքներ կարող են չբավականացնել կամ դրանք պետք է շրջանցող երթուղով՝ Իրանով տեղափոխել, ինչն ավելի թանկ կնստի: Բայց առևտրականներին քաջ հայտնի է, որ Վերին Լարսում ժամանակ առ ժամանակ արտակարգ իրավիճակ է ստեղծվում: Նշանակում է՝ պետք է ապահովագրվել և պահեստներում սովորականից շատ ապրանք ունենալ: Առավել ևս, որ Լարսը առավելագույնը մեկ-երկու շաբաթով է փակվում», - իր խոսքում նշել է Պողոսյանը: