ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հայոց բանակի 21-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Անկախ Հայաստանի բանակը 21 տարեկան է: Մեզ պարտադրված ռազմական գործողություններում թրծված, պատերազմական ամենածանր ժամանակներում կազմավորված և ինստիտուցիոնալ վիճակի բերված ՀՀ Զինված Ուժերն ապացուցեցին, որ մեր երկրի սահմանների անառիկությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահով ձեռքերում են: Բանակը մենք բոլորս ենք՝ առաջին գծում զենքը ձեռքին սահմանը հսկող զինվորը, թիկունքում ապագա զինվոր կրթող ուսուցիչը, աշխատավորն ու պետական ծառայողը, Հայրենիքի զարգացման մասին մտածող ամեն մի անհատը…
Մեր բանակը հաղթեց անհավասար պայքարում, հաղեթեց Գոյամարտում: Ասում են՝ երբեմն ավելի հեշտ է հաղթելը, քան այդ հաղթանակը պահելը: Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել Գոյամարտում ընկած տղաների կերտած հաղթանակը, մենք պարտավոր ենք հաջորդ սերունդներին փոխանցել մեր բանակի հաղթանակը, հաղթանակած երկրում ապրելու պատիվն ու բերկրանքը…
Փա՛ռք քեզ ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ, Փա՛ռք քեզ ՀԱՅ ԶԻՆՎՈ՛Ր…»: