«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրազդանի «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ում սպասողական վիճակ է: Աշխատակիցներին ասվել էր, որ երեկ պետք է վառվեն վառարանները, և ձեռնարկությունը կրկին կսկսի աշխատել, սակայն դա տեղի չունեցավ: Երկու օր առաջ ՎՏԲ բանկը բանվորներին է բաժանել նրանց ապրիլ ամսվա աշխատավարձը: Քիչ թե շատ կանոնավոր, թեև կցկտուր վճարումները կատարվեցին այն բանից հետո, երբ «Միկայի» բանվորությունը ամռանը բողոքի ակցիաներ սկսեց Հրազդանում: Այսօր «Միկա-ցեմենտը» երկրորդ «Նաիրիտն» է դարձել: Մոտ 300-400 մարդ պարապուրդի մեջ է, աշխատում է միայն գործերի կառավարչությունը:
Դեռ, 5 ամսվա աշխատավարձի պարտքը վճարված չէ: Գործարանում պատմում են, որ 4 մարդ կաթված է ստացել աշխատավարձի սպասելիս, երկուսը մահացել են՝ չկարողանալով բուժվել, և որ այդ մահերը ձեռնարկության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի խղճին են: Թե ինչու են իրենք աշխատավարձ ստանում ՎՏԲ բանկից, աշխատողները չեն հասկանում:
Ըստ դրանց, գործարանը «վերցրել են» ռուսները: 2012 թվականին իրեն սնանկ հայտարարած «Միկա-ցեմենտը» գրավադրվել է ՎՏԲ բանկում մոտ 20 մլն դոլար վարկի փոխարեն: Վերջինս էլ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, վաճառել է գործարանը Ռուսաստանում աշխատող հայ բիզնեսմենների, սակայն հետագայում բանկը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ գործարանը վաճառվել է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: